Մայիսի 31-ին Սոչիում առաջին անգամ տեղի ունեցավ «Տարվա երգ» մրցանակաբաշխությունը, որին մեր ռուսաստանաբնակ հայրենակիցները շատ էին սպասել։ «Արմենիա» TV-ի ու «Պոզիտիվ» ընկերության կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին հայկական շոու-բիզնեսի ավելի քան 20 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Արման Հովհաննիսյանը, Մարտին Մկրտչյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը և այլք։
Անին ու Աշխենը պատասխանատու էին մրցանակաբաշխության մասնակիցների դիմահարդարման համար։ Տղամարդկանց գրիմն իր վրա էր վերցրել Անին, իսկ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին դիմահարդարելու պատասխանատու գործը բաժին էր հասել Աշխենին։ Սա իրոք շատ պարտավորեցնող աշխատանք էր, որովհետև պետք էր ճիշտ գրաֆիկ կազմակերպել ու ժամանակին պատրաստել բոլոր մասնակիցներին, ինչպես նաև հաշվի առնել նրանց ոճն ու նախասիրությունները։
Աշխենի խոսքով․«Սա այն իրադրություններից է, որ պետք է կարճ ժամանակում լավ արդյունքների հասնելու համար գիտելիքների պաշարից շատ արագ զատես ամենապետքականը յուրաքանչյուր արտիստի համար։ Դանդաղելու ժամանակ պարզապես չունես»։
Բացի ժամանակի սղությունից պետք էր հաշվի առնել նաև այն փաստը, որ համերգն ունենալու է հեռուստատեսային տարբերակ։ Դիմահարդարման տեսանկյունից սա շատ կարևոր է։
Ժամանակակից հեռուստատեսային սարքավորումները խոշորացույցի պարզությամբ ցույց են տալիս ցանկացած թերություն ու առավելություն։ Ամենակարևոր առաջադրանքն իհարկե անթերի արտաքին տեսք ստանալն է, թե՛ կանանց ու թե՛ տղամարդկանց դեպքում, սակայն տարբերությունն ինչպես միշտ դետալների մեջ է։ Եթե կանանց դեպքում կարևոր է դիմահարդարման դեկորատիվ կոմպոնենտի գունային ու ոճային ճիշտ համադրությունը, ինչպես նաև դեմքի սիմետրիան, ապա տղամարդկանց դեպքում կրկնակի ուշադրություն է պահանջում մաշկի գույնը։ Հեռուստացույց դիտելիս, հատկապես տղամարդկանց դեպքում, հանդիպած կլինեք ակնհայտ ու անտեղի շպարված տեսքին ու մաշկի դեղին գույնին, ինչը գեղեցիկ չէ։ Միշտ պետք է հաշվի առնել, թե աշխատանքի վերջնական տեսքը որտեղ ու ինչ պայմաններում է երևալու։
Կարող է զարմանալի թվալ, բայց «Տարվա երգ» մրցանակաբաշխությունում Աշխենի ու Անիի կատարած աշխատանքը դեռ ավարտված չէ, քանի դեռ համերգի պատրաստի տարբերակը եթեր չի գնացել։ «Միայն հեռուստատեսային տարբերակը տեսնելուց հետո կկարողանանք վստահորեն ասել, որ հաջողությամբ ավարտին ենք հասցրել մեզ տրված աշխատանքը»,- ասում է Աշխենը։
Վստահ ենք, որ արդյունքը շատ գեղեցիկ է լինելու, քանի որ հանդիսատեսը շատ մեծ ոգևորությամբ ու ջերմությամբ է ընդունել մեր արտիստներին։ Նրանք էլ իրենց հերթին արել են ամեն ինչ էլ ավելի լավ ներկայանալու ու հիշարժան շոու ապահովելու համար։ Մի քանի կադր Սոչիից կարող եք տեսնել այստեղ։