hy
2017 թվականը դիմահարդարման մեջ․ Աշխեն Կոստանդյան

2017 թվականը դիմահարդարման մեջ․ Աշխեն Կոստանդյան

Մեր անցյալ հոդվածում Ձեր ուշադրությանը ներկայացրինք Բյութի Ֆաբրիքի կյանքում տեղի ունեցած բոլոր իրադարձություններն ու ձեռքբերումները։ Այս անգամ Աշխեն Կոստանդյանի օգնությամբ տարին ամփոփենք դիմահարդարման ոլորտում տեղի ունեցած նորամուծությունների ու միտումների տեսանկյունից, իսկ վերջում, իհարկե, կանդրադառնանք Ամանորի դիմահարդարման գաղտնիքներին։

ԲՖ բլոգ․ Ամեն տարի բազմաթիվ նոր դիմահարդարման պարագաներ ու ապրանքներ են հայտնվում շուկայում ու թվում է, թե անհնար է բոլորը փորձարկել։ Այնուամենայնիվ, ոչ բոլոր ապրանքներն են կարողանում դիմակայել մրցակցությանը։ Ըստ քեզ որո՞նք էին տարվա կարևորագույն ապրանքները, որ կարողացան սիրելի դառնալ պրոֆեսիոնալ դիմահարդարների շրջանում։

Աշխեն․ Նորաձևության սեզոնայնությունը տարածվում է նաև դիմահարդարման պարագաների ու ապրանքների վրա։ Իսկապես անհնար է բոլորը փորձել, դրա համար միշտ խորհուրդ եմ տալիս փորձված բրենդերի ապրանքներ օգտագործել։ Այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ այնպիսի ապրանքներ են հայտնվում, որոնք ցնցում են շուկան։ Այս տարի իմ սիրելի բրենդերի ու ապրանքների շարքում են Tarte - Shape Tape Contour Concealer-ը, որ անխոս, կատարում է իր առջև դրված գործը՝ ծածկել աչքերի տակի մուգ շրջաններն ու դեմքի վրայի տեղային բծերը։ Այն նաև բավականին երկար է մնում տեղում ու չի ծանրացնում դիմահարդարումը։

Հաջորդ ապրանքը, որ իսկական առաջատար էր նախորդ տարի, Estee Lauder - Double Wear

երանգավորող քսուքն է։ Այս քսուքի բանաձևը ապահովում է ծածկույթի միջին ու բարձր խտություն։ Միաժամանակ, այն թեթև է ու անհանգստություն չի պատճառում։ Սա այն է, ինչ պետք է ապահովի բարձրորակ երանգավորող քսուքը։

Տարվա ընթացքում մոդայիկ էին հեղուկ հայլայթերները։ Լավագույնների շարքում, ըստ իս, Anastasia Beverly Hills - Liquid Glow Highlighter-ն ու Becca - Shimmering Skin Perfector® Liquid Highlighter-ներն էին։

Ամռան սեզոնին շուկայի հետաքրքրությունը տեղափոխվում է դեպի շրթներկներ։ Այս տարին ևս բացառություն չէր։ Շրթներկների տեսականիներ արտադրեցին կոսմետիկայի շատ բրենդեր, ինչպիսիք են Anastasia Beverly Hills, Kylie Cosmetics, շրթներկի տեսականի թողարկեց նույնիսկ Քիմ Քարդաշյանը, սակայն մեծ հետաքրքրություն ու հավատարիմ գնորդներ ունեցավ Huda Beauty - Liquid Matte շրթներկների շարքը։

Այս շրթներկները թեթև են, դիմանում են ութից ավելի ժամ ու ամենակարևորը՝ չեն փշրվում շրթունքի վրա։

Պրոֆեսիոնալ դիմահարդարման մեջ կարևոր է հնարավորինս երկար կյանք ապահովել կատարված աշխատանքի համար։ Հաճելի չէ տեսնել, թե ինչպես է «քանդվում» Ձեր երանգավորող քսուքը, կամ «ծորում» աչքի մատիտը։ Այս փուլում մեզ օգնության են հասնում թափանցիկ դիմափոշիները։ Քանի որ դիմափոշին ևս մեկ շերտ է, շատ կարևոր է, որ այն լինի հնարավորինս բարակ ու աննկատ։ Այս տարի դիմահարդարմանը ավարտուն տեսք տալու համար շատ օգտագործեցինք Laura Mercier բրենդի Translucent Loose Setting Powder-ը։ Այս ապրանքը լավագույնս ծառայեց իր նպատակին։ Ընդհանրապես կուզենամ նշել, որ 2018-ին դիմափոշու հաստ շերտը այլևս արդիական չի լինի։

 

ԲՖ բլոգ․ Քանի որ նշեցիր դիմափոշու մասին թրենդը, կուզենանք իմանալ քո կարծիքը այս տարվա դիմահարդարման այլ միտումների մասին, որոնք, ըստ քեզ, սպառել են իրենց կամ ուղղակի անթույլատրելի են։

Աշխեն․ Առաջինը որ կնշեմ չափից դուրս ուժեղ ստվերագծման (contouring) թրենդն է։ Ու չնայած որ այս թրենդի նկատմամբ բուռն էմոցիաները հանգել են, համաշխարհային միտումները ավելի ու ավելի են հեռանում full contouring-ից։ Կարծում եմ 2018-ին ստվերագծման տեխնիկաները վերջնականապես կզիջեն իրենց դիրքերը։

Հաջորդ թրենդը, որ կուզենամ առանձնացնել, չափից ավելի ընդգծված շուրթերն են։ Շատ թույլ կամ ընդհանրապես չընդգծված, շուրթի ներսից դուրս օմբրեյի թրենդը սկիզբ առավ 2017 թվականի ամռանը ու կարծում եմ գնալով արդիական կդառնա։

Ընդհանուր առմամբ, ինչպես կարելի է նկատել նախորդ երկու միտումից, դիմահարդարումը վերադառնում է դեպի բնական, հետևաբար կարելի է կանխատեսել նաև, որ կնվազի արհեստական թարթիչների ու գունավոր լինզաների օգտագործումը։

 

ԲՖ բլոգ․ Վերջին ու ամենաարդիական թեման․ ինչպիսի՞ դիմահարդարմամբ է պետք դիմավորել Նոր տարին։ Ի՞նչ գույներ, ինչպիսի՞ տեխնիկաներ կարելի է օգտագործել Ամանորի տոնական դիմահարդարման համար։

Աշխեն․ Ամանորը այն տոներից է, որտեղ ի մի են գալիս նախորդ տարվա տպավորություններն ու սպասելիքները հաջորդ տարվանից։ Սա այն տոնն է, որի ժամանակ պետք է ձերբազատվել բոլոր բարդույթներից ու ազատություն տալ ինքդ քեզ, լինել ստեղծագործ։ Ամանորի գիշերը կարելի է կրել գունեղ ու ճոխ դիմահարում։ Այս տարի դիմահարդարման մեջ կարելի է օգտագործել որևիցե փայլուն էլեմենտ, նաև արդիական են թաց էֆֆեկտով ստվերաներկերը։

Ընդհանրապես Նոր տարին այն եզակի տոներից է, որ շնորհավորելիս նույն ոգևորությամբ քեզ էլ են շնորհավորում և ուրեմն ամենակարևորը դրական լիցքեր փոխանցելն է թե՛ դիմահարդարման, թե՛ հագուստի ու թե՛ տրամադրվածության միջոցով։

Օգտվելով առիթից, կուզենամ շնորհավորել բոլորիդ գալիք տոների կապակցությամբ ու ցանկանալ բարձր տրամադրություն։

 

ԲՖ բլոգ․ Աշխե՛ն, շնորհակալություն հիանալի խորհուրդների ու շնորհավորանքների համար։ Մնում է միայն նշել, որ մինչև տարվա ավարտը մեր բլոգում կտեղադրենք ևս մեկ տարեվերջյան հրապարակում։

Հետևե՛ք Բյութի Ֆաբրիքի էջերին ֆեյսբուքում ու Ինստագրամում ու տեղեկացե՛ք մեր ամենաթարմ հրապարակումների մասին։

 

 

26.12.2017

դիմահարդարում, ամանոր, տոնական դիմահարդարու

Միացե՛ք մեզ

ու ստացեք թարմ նորություններ գեղեցկության աշխարհից