hy
Ինչ պետք է լինի յուրաքանչյուր կնոջ դիմահարդարման պայուսակում

Ինչ պետք է լինի յուրաքանչյուր կնոջ դիմահարդարման պայուսակում

Գեղեցիկ դիմահարդարման առաջնային ու ամենակարևոր պայմանը խնամված, մաքուր, խոնավեցված ու գեղեցիկ մաշկ ունենալն է։ Մաշկի խնամքի հետ կապված հարցեր մենք իհարկե դեռ շատ կքննարկենք։ Այսօր ուզում ենք անդրադառնալ մի հարցի, որ կարևոր է յուրաքանչյուր կնոջ համար․ «Ի՞նչ պետք է լինի դիմահարդարման պայուսակում»։ Առաջ անցնելով նշենք, որ պրոֆեսիոնալ դիմահարդարների համար այլ կանոններ են գործում։

Դե ինչ, սկսենք։

 

Երանգավորող քսուք (тональная основа)

Երանգավորող քսուքների ու դիմափոշիների բազմաթիվ տեսակներ կան։ Ամենօրյա օգտագործման համար պետք է ընտրել բազա (base), որ կպարունակի երանգավորող տարր։ Բազան հարթեցնում է մաշկը, հավասարեցնում է մանր անարթությունները, նվազեցնում յուղային փայլը, իսկ երանգը հավասար ծածկում է գունային անհարթությունները՝ ապահովելով մաշկի հարթ տոն։ Տոնային քսուքների, BB քսուքների, ու ամենատարբեր դիմափոշիների բազմազանության մեջ ձեզ կօգնենք կողմնորոշվել մեր հաջորդ գրառումներից մեկում։

 

Կոնսիլեր (консилер)

Concealer-ը կամ թաքցնող քսուքները նույնպես տեսակային բազմազանությամբ չեն զիջում մյուս ապրանքներին ու նախատեսված են տեղային գունային չեզոքացման համար։ Եթե չեք ցանկանում ամբողջ դեմքը պատել երանգավորող քսուքով, կարող եք օգտվել կետային չեզոքացումից։

 

Մաշկից մեկ տոն մուգ դիմափոշի

Ստվերագծման (contouring) տեխնիկաների թրենդային բումից հետո բոլորն անխտիր սկսեցին օգտվել contouring-ի համար նախատեսված միջոցներից, սակայն կարծում ենք, որ ծանր contouring-ը հարմար չէ ամեն օր կրելու համար։ Թեթև ստվերագծման համար նախատեսված դիմափոշին ավելի քան բավական է։

 

Յուղային փայլը հեռացնող անձեռոցիկ

Օրվա ընթացքում մաշկը ավելորդ յուղային փայլ է ձեռք բերում։ Դրա պատճառով հաճախ դիմահարդարումն իր տեղում չի մնում։ Այս երևույթի դեմ պայքարելու ու մշտապես անբիծ դիմահարդարում ունենալու համար օգնության են հասնում անառողջ փայլը հեռացնող անձեռոցիկները, որ պետք է միշտ պահել պայուսակում։ Նշենք, որ այս անձեռոցիկները կարելի է օգտագործել ինչպես մաքուր մաշկին, այպես էլ դիմահարդարման վրայից։

 

Աչքերի գծաներկ (liner)

Գծաներկերը լինում են չոր, գելային կամ հեղուկ։ Այս դեպքում կարևոր է, թե որ տարբերակի օգտագործումն է առավել հարմար անձամբ ձեզ։ Ամենօրյա օգտագործման համար պայուսակում կարող է լինել շագանակագույն, մոխրագույն կամ սև մատիտ։ Վերջինս, ի դեպ, իր գունային ակտիվությամբ ավելի համապատասխան է երեկոյան կերպարներին, իսկ ամենօրյա կերպար ստանալու համար շագանակագույնը և մոխրագույնը ավելի տեղին են։

 

Սևաներկ (тушь)

Սևաներկերի բազմազանության միջից ճիշտ ընտրություն անելու համար կարևոր է հաշվի առնել, թե ինչ արդյունքի եք ուզում հասնել. խտացնել թարթիչները, թե՞ երկարացնել դրանք։ Խտացնելու համար ընտրեք ավելի խիտ ու փափուկ մազիկներ ունեցող վրձինով սևաներկ, իսկ երկար ու առանձին թարթիչներ ստանալու համար օգտագործեք ավելի ամուր ու սանրի տեսք ունեցող վրձինով սևաներկ։

 

Հոնքերը սանրող, գույն հաղորդող գել կամ հոնքերի ստվերաներկ (тень для бровей)

Հոնքերը մեծ ազդեցություն ունեն հայացքի գեղեցկության ու դեմքի օվալի ձևավորման վրա։ Կարևոր է ճիշտ ընտրել ոչ միայն հոնքերի ձևը, այլև գույնը։ Շատ մուգ հոնքերը կոպտացնում են դիմագծերը։ Գելը կօգնի ճիշտ ուղղությամբ սանրված պահել հոնքերը, իսկ գունային բաղադիրչը հավասար գույն կհաղորդի։ Ստվերաներկի դեպքում էլ կկարողանաք թաքցնել անմազ հատվածները, եթե այդպիսիք կան։

 

Շրթներկ

Շուրթերի հիգիենիկ բալզամը կարևոր է շուրթերի չորության դեմ պայքարելու համար ամբողջ օրվա ընթացքում։ Այն նաև լավ բազա է հանդիսանում, եթե քսեք գունավոր շրթներկի կամ մատիտի օգտագործումից մի քանի րոպե առաջ։

Յուրաքանչյուր կին պիտի ունենա 3 գունավոր շրթներկ և/կամ մատիտ՝ կարմիր, նեյտրալ ու որևիցե գույն, որ ամենաշատն է իրեն սազում։ Պետք է նշել, որ յուրաքանչյուր կին, անկախ մաշկի գույնից կարող է գտնել կարմիր շրթներկի իր երանգը։

Անպայման պետք է ունենալ փայլուն շրթներկ՝ gloss, որ ցանկացած շրթներկի վրայից քսելիս, կերպարին ավելի տոնական տեսք կհաղորդի։

 

Կարմրաներկ (румяна/blush)

Թարմացնող վարդագույն երանգի կարմրաներկը անփոխարինելի է դեմքին թարմություն ու աղջկական կոկետություն հաղորդելու համար։

 

Ապլիկատորներ

Դեկորատիվ կոսմետիկան դեմքին ճիշտ դնելու համար պետք է ունենալ որակյալ վրձիններ։ Հիմնական պայուսակում անպայման պետք է լինի անձնական սպունգ՝ հեղուկ տոնային կրեմը կամ բազան հավասար տարածելու համար ու առանձին վրձիններ դիմափոշին ու կարմրաներկը տարածելու համար։

04.08.2017

Միացե՛ք մեզ

ու ստացեք թարմ նորություններ գեղեցկության աշխարհից